19 հունվարի 2021 - 13:02 AMT
Ավինյանի գրասենյակ․ Գերիների թվի մասին տվյալները հրապարակման ենթակա չեն, խորհրդապահական են

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակման՝ «հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը», հայտարարել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել գործընկերներին։

Հունվարի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։

«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին»,-հայտարարել են գրասենյակից` նշելով, որ դեռևս դեկտեմբերին գերիների ամբողջական ցանկեր են փոխանցվել ռուսական կողմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը գերիների ու անհետ կորածների մասին հստակ թվական տվյալներ չի հայտնել։ Հայտնի է, որ պատերազմի ավարտից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո 62 շիրակցի է գերեվարվել։

Ընթերցեք նաև․ Լավրով․ Գերիների ցուցակները ճշտվում են՝ սկզբնական փուլում հայկական կողմն ամբողջական ցուցակ չէր տվել