3 մարտի 2009 - 14:51 AMT
Հայաստան բենզին ներմուծող «Սերգեյ Գրուպ»-ն անորոշ ժամանակով կդադարեցնի վառելիքի ներկրումը
Հայաստանում դոլարի փոխարժեքի կտրուկ աճը, անկասկած, կանդրադառնա հայ սպառողի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտարարել է բենզին եւ դիզելային վառելիք ներմուծող «Սերգեյ Գրուպ» ընկերության նախագահ Սերգեյ Բագրատյանը: «Եթե փոխարժեքը պահպանվի մեկ դոլարի դիմաց 380-400 դրամի սահմաններում, ապա դրան կհետեւի նաեւ վառելիքի գների համապատասխան բարձրացումը: Այդպիսի պայմաններում, մեր հաճախորդներին չկորցնելու նպատակով, մենք կաշխատենք նրանց հետ խորհրդակցություններ անցկացնել եւ գների վերաբերյալ որոշակի համաձայնության գալ», - նշել է Սերգեյ Բագրատյանը: Նա վստահություն է հայտնել, որ միջազգային շուկաներում կաճեն վառելիքի գները: Ելնելով դրանից, «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ն անորոշ ժամանակով կդադարեցնի Հայաստան վառելիքի ներմուծումը: «Այժմ ընկերությունը հետեւում է շուկաներում հնարավոր փոփոխություններին: Իհարկե, մենք ճկունություն կցուցաբերենք մեր գործընկերների եւ հաճախորդների հետ հարաբերություններում, սակայն շատ բան կախված է նրանից, կաճի արդյոք դոլարի փոխարժեքը հանրապետությունում, թե` ոչ», - ընդգծել է Սերգեյ Բագրատյանը:

Մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիամց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ:

Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով: