Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագծերի փաթեթը:
Նախագիծն ընդունվել է 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Համաձայն նախագծի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
2021-ի բյուջեով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար կհատկացվի 8․2 մլրդ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։
Հակակոռուպցիոն կոմիտեն ներառելու է ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, քնննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները և դառնալու է կոռուպցիոն գործեր քննող միակ ու կենտրոնացված մարմինը։