19 հունվարի 2021 - 13:44 AMT
Քերոբյան․ «Մեղրի» ԱՏԳ-ի գործարկման խնդիրը շուտափույթ լուծում պահանջողներից է

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման հարցը շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրներից է, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականին։ Սպասվում էր, որ Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով նաև աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև՝ բերելով միլիոնավոր դոլարների ներդրումներ։ ԱՏԳ-ն դեռ գործարկված չէ։

Քերոբյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Քերոբյանը հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։

Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 44-օրյա պատերազմից հետո։ Նա Menu.am ընկերության հիմնադիրն է։ Էկոնոմիկայի նախարար պաշտոնում Քերոբյանն առաջիկա տարվա համար երկնիշ տնտեսական աճ է խոստացել։