19 հունվարի 2021 - 16:06 AMT
Դինքի հիշատակին Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտկենտրոնի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Ստամբուլի ավագանու նիստում, այժմ սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։

«Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961-ին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից: