19 հունվարի 2021 - 18:43 AMT
Սյունիքում ականի պայթյունից ԱԻՆ-ի երկու փրկարար է վիրավորվել դիեր որոնելիս

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում հունվարի 19-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից վիրավորվել են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Շահնազարյանը և ավագ հրշեջ ենթասպա Արամ Նավասարդյանը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:

44-օրյա պատերազմից հետո շարունակվում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուն: