19 հունվարի 2021 - 16:29 AMT
Օհանյան․ Մեզ ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություն է պետք

Հայաստանին անհրաժեշտ է ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն, հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Factor.am-ը։

«Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ մենք պարտվել ենք: Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններն են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, նաև ընդլայնել և մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել»,- ասել է նա։

Ըստ Օհանյանի՝ պատերազմից հետո ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, «որովհետև պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում ենք պարտվել»։

ՊՆ նախկին ղեկավարն այժմյան իշխանության ընդդիմախոսներից ու վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն է։ 2020-ի դեկտեմբերին Օհանյանը հայտարարել էր, որ եթե «իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը։