19 հունվարի 2021 - 17:44 AMT
10-ի փոխարեն՝ 20 հարց, գործնական քննությունը՝ իրական պայմաններում․ Վարորդական ստանալու նոր կարգը

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունում ավելացել է գիտելիքի ստուգման թեստերի հարցաշարը՝ 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, քննությունը 15 րոպեի փոխարեն կտևի 30 րոպե, հայտնում են Ոստիկանությունից։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտել 2021-ի հունվարի 1-ից։

Համաձայն Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերենից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Նախատեսվում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական նաև մոպեդ վարելու համար։

Ոստիկանությունը նաև նախատեսում է A կարգի, A1 և B1 ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունել միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ճանապարհներին կամ փողոցներում։ B կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում իրականացնել և ավտոդրոմներում, և երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027-ն ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

Ոստիկանությունը նշում է, որ A, B և BE կարգերի, ինչպես և A1 և B1 ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

C, D, T և CE, DE կարգերի, C1, D1 և C1E, D1E ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք: Վկայականը փոխանակելու կամ դրա կրկնօրինակը ստանալու համար դիմողները պետք է անցնեն բժշկական հավատարմագրում, եթե ակնհայտ երևում է, որ կարող են ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

Վարորդական ստանալու, վկայականը փոխանակելու կամ դրա կրկնօրինակը ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ: Փախստական ճանաչված, ինչպես և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները պետք է ներկայացնեն ժամանակավոր ապաստանի վկայական: