20 հունվարի 2021 - 11:01 AMT
Փոխվել է «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Զինծառայողների ապահովագրության («1000 դրամի») հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020-ի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, մինչև 2020-ի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:

Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր հուլիսի 1-ից հետո:

Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ․ մինչև հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկուսին։

2017 թվականին ստեղծված Հիմնադրամը միանվագ և երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։

Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։