Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղության հաստատմանը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Շուշին ադրբեջանական քաղաք է» հայտարարությանն ու հայ քաղաքական գործիչներին Արցախ այցելելու համար նախազգուշացմանը։
Ավելի վաղ Թյուրքական խորհուրդն առաջարկել է 2022-ին Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք և այնտեղ անցկացնել մշակութային միջոցառումներ։ 2021-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքը հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։
«Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ վերջերս հնչեցված հայտարարություններին՝ ուզում եմ ասել, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, անկախ նրանից՝ ով ինչ է հայտարարում։ Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։ Վստահ եմ, որ այդ ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունն ենք ստանալու»,-հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։
Այվազյանը հայտարարել է, թե Ալիևը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից ասում է, թե հակամարտությունը լուծված է, մյուս՝ սադրիչ հայտարարություններ անում։
Ըստ Այվազյանի՝ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելը։
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է Մինակի խմբի համանախագահների ֆորմատով բանակցությունների վերսկսմանը։
Նախարարը նշել է, որ հայկական կողմի համար առաջնային է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, հումանիտար օգնության անխափան մուտքն Արցախ, մշակութային ժառանգության պահպանումը։
44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին հայտարարվեց, որ ընկել է նաև Շուշին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: