20 հունվարի 2021 - 19:22 AMT
Փաշինյան․ Գերիներ միշտ եղել են, երբեք ավելի մեծ թվով չեն վերադարձել, քան նոյեմբերի 9-ից հետո

Երկար տարիներ ՀՀ-ից գերիներ են եղել Ադրբեջանում, այժմ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ամբողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան նոյեմբերի 9-ից հետո, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիտարկմանը, թե Մոսկովյան բանակցություններից հետո գերիների վերադարձի հարցը որևէ լուծում չի ունեցել, և Փաշինյանը պետք է հրաժարական տա։

«Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ամբողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցն այդ երկար տարիների ընթացքում չի հնչել»,-հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, թե իրեն հարցեր են տալիս «էժան քաղաքական միավոր» շահելու համար։ Ըստ վարչապետի՝ ինքը դեռ չի տեսել ընդդիմադիր դաշտում մի հայտարարություն, որն առնվազն չվնասի գերիների վերադարձի հարցին։

«7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում։ Ինչո՞ւ այդ մասին չէիք հարցնում նախկինում։ 2․5 տարի սոցիալական ցանցերում, հարթակներում և այլն խոսք էր գնում, որ այ էս մարդկանց կառավարությունը ինչու չի վերադարձնում։ Էդ մարդկանց կառավարությունը վերադարձրել է։ Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։ Կներեք, երբ դուք ասում եք, որ մենք որպես իշխանություն ի վիճակի չենք սպասարկելու Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք՝ որպես ընդդիմություն, առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նման շեշտադրումներով վտանգում են գերիների կայքն ու առողջությունը։

Հայկական կողմից Ադրբեջանում գտնվող գերիների մասին հստակ թվական տվյալներ չկան։ Ըստ իշխանության՝ անուններ չեն հրապարակվում, անհետ կորած համարվող, սակայան հնարավոր գերության մեջ գտնվողների կյանքը չվտանգելու համար։ Հայտնի է, սակայն, որ շիրակցի 6 տասնյակից ավելի կամավորական է գերեվարվել՝ նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։