21 հունվարի 2021 - 16:05 AMT
ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը

Արտգործնախարար Արա Այվազյանը ֆրանսիացի իր պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման վրա՝ մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

«Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Մինսկի խումբը գլխավորում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը։ Մինսկի խումբը համանախագահում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն։