22 հունվարի 2021 - 16:56 AMT
Ջհանգիրյան․ Իշխանությունը դատական համակարգի զտման գործնական քայլեր չի արել, այն հնի ժառանգորդ է

Իշխանության եկած քաղաքական նոր ուժն անցած տարիներին դատական համակարգի զտման համար գործնական քայլեր չի կատարել, և այն մնացել է որպես հնի ժառանգորդ, հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։

«Կարևոր հանգամանք է դատական համակարգի զտման խնդիրը։ Ցավոք, իշխանության եկած քաղաքական նոր ուժն անցած տարիներին այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, և դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ առաջ է շարժվում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս «մաքրելու և զտելու»։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում հաստատված է «դատարանների նախարարություն»՝ «բուրգ», որը վերից վար խիստ ենթակայություն է ենթադրում, «և դրա գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է ստորադաս դատարանների դատավորներին պարտադրել ցանկալի որոշում»։ Այս առումով՝ նա կարևորել է ԱԺ օրենսդրական նախաձեռնությունը՝ հետագայում դատարաններին ու դատավորների վերադասներից անկախացնելու համար։

Ըստ Ջհանգիրյանի՝ դատարանների ու դատավորների անկախությունը բազմաթիվ գործոններից է կախված։

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկվել է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Արդեն հայտարարվել է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը: