Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Մոտ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է գրառման մեջ։
Նշվել է, որ գերիների վերադարձը մեծապես կնպաստի թե Արցախում, թե Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հստակ թիվը չի հրապարակվել։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով շարունակում է տարբեր հարթակներում բարձրրաձայնել նրանց վերադարձի մասին։