26 հունվարի 2021 - 13:24 AMT
ԱԻՊԾ․ Եվս 4 զինծառայողի աճյուն են գտել, մեկի ինքնությունը պարզ է

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային»,- հայտնել են ԱԻՊԾ-ից։

Ջրականի (Ջաբրայիլ) հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն, նրանց ինքնությունը դեռ պարզ չէ։

Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Հունվարի 26-ին որոնողական աշխատանքներ կիրականացվեն Հադրութի ուղղությամբ։