26 հունվարի 2021 - 14:25 AMT
Վրաստանը Covid-19-ից մահերի թվով առաջ է անցել ՀՀ-ից

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը 2021 թվականի հունվարի 23-ից հետո գերազանցել է Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին:

Հունվարի 26-ի դրությամբ, Վրաստանում մահվան 3096 դեպք է գրանցվել, ՀՀ-ում՝ 3052։

Հունվարի 26-ի տվյալով՝ Վրաստանում վարակի 1006 նոր դեպք է հաստատվել, ՀՀ-ում՝ 138։

Ավելի վաղ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ սահմանափակումներով։ Նրա խոսքով` եթե 2021-ին բնակչության 60-70%-ը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:

Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին կառավարության նիստից հետո Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատել էր «բավականին կառավարելի»:

Հայաստանն արդեն հայտնել է նաև, որ պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։

Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2.4 մլն-ից ավելի դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1․3 մլն-ից ավելի դեպքով, երրորդը Վրաստանն է՝ 254,000-ից ավելի, ապա Ադրբեջանը՝ մոտ 229,000 վարակակրով: Հայաստանում 166,232 հաստատված դեպք կա։