27 հունվարի 2021 - 11:52 AMT
ՔԿ․ Անտառապահին մեղադրանք է առաջադրվել 5․7 մլն դրամ կաշառք ստանալու համար

«Հայանտառի» անտառապահը Տավուշի մարզի բնակիչներին թույլատրել է տարբեր պահաբաժիններում իրականացնել ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Քննչական կոմիտեում ավարտվել է ծառերի ապօրինի հատման և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դիմաց անտառապահին 5․7 մլն դրամ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը:

Անտառապահին ու ևս 6 հոգու մեղադրանքներ են առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Քննությամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում ապօրինի հատվել է ընդհանուր 102 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 10․1 մլն դրամի վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Տավուշի մարզի վեց բնակիչներին՝ ծառերի ապօրինի հատման, դրանք առանց թույլտվության տեղափոխելու և տարբեր չափերի կաշառք տալու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: