27 հունվարի 2021 - 16:03 AMT
Զարիֆ. Իրական հեռանկար կա Նախիջևանով կապելու ՀՀ ու Իրանի երկաթգծերը

Պաշտոնական Թեհրանն իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար, Երևանում արտգործնախարար Արա Այվազյանի հետ մոտ երկու ժամ բանակցելուց հետո հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բաքու, Մոսկվա այցելելուց հետո հունվարի 26-ի երեկոյան Զարիֆը ժամանել է Երևան։ Ըստ ծրագրի՝ հետո մեկնելու է Թբիլիսի, ապա՝ Անկարա։

«Իհարկե, դա բխում է Իրանի, Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի կարիքներից։ Մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։ Նախիջևանով երկաթուղային կապը հնարավորություններից մեկն է՝ երկաթուղային մի հին ուղի, որը կապում է հյուսիսն ու հարավը», - պատասխանել է նա՝ արձագանքելով ՀՀ-ն ու Իրանը երկաթուղով ու Նախիջևանի տարածքով կապվելու մասին հարցին։

Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։