27 հունվարի 2021 - 16:31 AMT
Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին․ Գերիների վերադարձը ՀՀ համար օրակարգային կարևորագույն հարց է

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։

Միրզոյանը վստահություն է հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել՝ իրականացնելու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:

Միրզոյանն ընդգծել է, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաև ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությամբ ներկայացվում էին պատերազմող կողմերի հետագա պարտավորությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում էր նաև գերիների ու պահվող անձանց վերադարձ։ Այդ կետը սակայն դեռ լիարժեքորեն կյանքի չի կոչվել։ Պատերազմից հետո ՀՀ է վերադարձել 44 ռազմագերի, մի քանի տասնյակից ավելի ռազմագերի շարունակում է մնալ Ադրբեջանում։ Նրանց վերջնական թվի մասին հայկական կողմը չի խոսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտնի է միայն, որ պատերազմից հետո 60-ից ավելի շիրակցի կամավորական է գերեվարվել։