Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող են խոնարհել միայն մեր զոհված ընկերների հիշատակի և նրանց հարազատների առջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի։ Այս մասին է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ԶՈւ 29-ամյակի առթիվ հղված ուղերձում։
«Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպետք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը… Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը», - ընդգծել է նա:
Ըստ նրա` որքան էլ դժվար է ու բարդ, բանակը շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանությունը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ։
«2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը», - նշել է գեներալը:
Գեներալը հիշեցնում է` միշտ պետք է հիշել` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:
«Բանակն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու», - եզրափակել է Գասպարյանը: