28 հունվարի 2021 - 14:27 AMT
ԱԳ նախարար. Արցախի հիմնահարցը լուծված չէ, կարգավիճակի առանցքային հարցը կա

Արցախի հիմնահարցը լուծված չէ, հիմնական առանցքային հարց կա՝ կարգավիճակի հստակեցումն է, դրա մասին խոսել են նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է «Լուրերը»:

«Տարածաշրջանում կայունության ու խաղաղության մասին խոսելուց առաջ պետք է ստեղծվի նախ վստահության մթնոլորտ: Այն ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում՝ նախևառաջ մեր գերիների ազատ արձակման դեպքում: Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև Ադրբեջանի համար խնդրահարույց»,- ասել է ԱԳ նախարարը:

Այվազյանի խոսքով՝ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է գերիների վերադարձի համար, իսկ հայկական կողմից միջազգային ճնշումն օրեցօր աճում է: Նախարարն ասել է, որ ՄԽ համանախագահները և համանախագահ երկրների ԱԳ նախարարները նշում են՝ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և այդ հարցը ԼՂ կարգավիճակի հստակեցումն է:

«Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, ակնկալում ենք առաջիկայում նրանց այցը տարածաշրջան: Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի: Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- ասել է Այվազյանը:

44 օրյա պատերազմից հետո Արցախը տարածքային կորուստներ է ունեցել, Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջամտությամբ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարություն են արել ու տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրել: Հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որը պատերազմի դադարեցման հայտարարության կետերից մեկն էր, դեռ լիարժեքորեն չի կատարվել: Պատերազմից հետո գերիների 44 հոգանոց մի խումբ արդեն վերադարձել է ՀՀ: Հայտնի է, որ նոյեմբերի 10-ից հետո 60-ից ավելի կամավորական է գերեվարվել, մյուս ռազմագերիների մասին պաշտոնական տեղեկություն հայկակն կողմը չի տալիս՝ նաև նրանց անվտանգությունից ելնելով: