28 հունվարի 2021 - 14:45 AMT
«1000 դրամի» հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքի. 1111-ը՝ վերջին պատերազմից

«Զինծառայողների ապահովագրության» («1000 դրամի») հիմնադրամը գործունեության սկզբից ի վեր հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը՝ վերջին պատերազմի արդյունքներով։

«Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ է ստանում 66 ընտանիք: Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհետ կորած զինծառայողի ընտանիքներին)»,-հայտնում են հիմնադրամից:

Հիմնադրամից շնորհավորել են Բանակի օրն ու շնորհակալություն հայտնել բանակի անձնվեր մարտիկներին:

Հիմնադրամից համոզմունք են հայտնել, որ հունվարի 28-ին յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզի նշել Հայոց բանակի օրը, իսկ դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը»,- հայտարարել են հիմնադրամից:

2017-ի հունվարի 1-ից Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: