29 հունվարի 2021 - 12:17 AMT
Պաշտպան․ Բադասյանին մեղադրանք է առաջադրվել, կալանավորման միջնորդություն կա

Ազատամարտիկ Վահան Բադասյանին հունվարի 29-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, ասել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, փոխանցում է «Հետքը»։

Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Նման արարք կատարելու դեպքում ՔՕ-ն նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դեռևս հայտնի չէ, թե երբ և որ դատավորը պետք է քննի կալանավորման միջնորդությունը։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։