29 հունվարի 2021 - 14:24 AMT
«Սասնա ծռերը» Փաշինյանից պահանջում են անհապաղ ազատել Բադասյանին ու հրաժարական տալ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին, դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ։

Կուսակցությունից հայտարարել են՝ այդ քայլերը հնարավորություն կտան «երկիրը դուրս բերելու իր (Փաշինյանի-խմբ․) իսկ մեղքով ստեղծված աղետալի վիճակից»։

«Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ ռեժիմը կորցրել է իրականության զգացումը և երկիրը տանում է կործանարար ցնցումների։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել, որ Վահան Բադասյանը պարզապես արտահայտել է իր նկատմամբ լայնորեն տարածված վերաբերմունքը, ապա շուտով առերեսվելու է դրա տասնյակ, այնուհետև՝ հարյուրավոր ու հազարավոր դրսևորումներին»,-հայտարարել են կուսակցությունից՝ հավելելով, որ «ի վերջո՝ այդ վերաբերմունքը վերածվելու է ցասման, ինչը կարող է շատ վտանգավոր զարգացումների հանգեցնել»։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։Նրան մեղադրանք է առաջադրվել։