29 հունվարի 2021 - 19:10 AMT
Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանի ԶՈւ-ն 72 քաղանձի է սպանել

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձի սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:

Ըստ ՄԻՊ-ի 163 քաղաքացիական անձի վիրավորվել է։

«Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը»,-նշել են Արցախի ՄԻՊ-ից։

Նոյեմբերի 13-ից հետո, ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1329 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: