1 փետրվարի 2021 - 15:49 AMT
Հայրապետյան․ Ներդրումներ են անհրաժեշտ ոչ միայն ՀՀ գիտական նորուժի մեջ, այլև՝ ամբողջ հայության

Արցախում 44-օրյա պատերազմը ստիպեց մտածել և անհրաժեշտ քայլեր ու միջոցներ ձեռնարկել, անհրաժեշտ է հասկանալ ու ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանի գիտական նորուժի մեջ, այլև ամբողջ հայության, հայտարարել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նա առաջարկել է քննարկել ոչ թե կրթության և գիտության ոլորտում եղած խնդիրները, այլ հանդես գալ կոնկրետ առաջարկներով, որոնցում հաշվի կառնվեին դրանց դերն ու նշանակությունը՝ երկրի անվտանգության համակարգի մակարդակի ու որակի բարձրացման համատեքստում:

«Այս համատեքստում սկզբում անհրաժեշտ է հասկանալ ու ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանի գիտական ներուժի մեջ, այլև ամբողջ հայության: Անհրաժեշտ է հասկանալ, թե մենք ինչպես ենք այդ ամենն օգտագործելու»,- շեշտել է Հայրապետյանը։

«Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներն են ընթանում ԱԺ-ում։ Պատգամավորի հավաստիացմամբ՝ լսումները և մասնակիցների առաջարկները հաշվի կառնվեն ու կքննարկվեն այս ոլորտում պետության համապատասխան ռազմավարության և քաղաքականության մշակման, ձևավորման և ընդունման ժամանակ:

Ընթերցեք նաև․ Նախարարը՝ գիտության ու կրթության անանջատության, անվտանգության և արտասահման մեկնող երիտասարդների մասին