2 փետրվարի 2021 - 13:35 AMT
Hexact ընկերության Հայաստանի գրասենյակն ընդլայնում է գործունեությունը

Հայ գործարարների հիմնած Hexact տեխնոլոգիական ընկերությունը գործունեության երկրորդ տարին ամփոփում է մոտ 15,000 ակտիվ օգտատերով՝ 135 երկրից։ Ստարտափը 2020-ին հավաքագրել և վերլուծել է 22.5 տերաբայթ տվյալ և 8․2 միլիոն դոմեյն։ Այս տարի ընկերությունը մտադիր է բարձր որակավորման առնվազն 10 մասնագետով ընդլայնել ծրագրավորողների թիմը Հայաստանում։

Hexact-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019-ին՝ ԱՄՆ-ում:

Հայ հիմնադիրները հենց նույն տարում գրասենյակ են բացել նաև Հայաստանում: Hexact-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները:

«Վերջին տասնամյակում մարդու կյանքի ավելի ու ավելի մեծ մասն է անցնում օնլայն։ Արդյունքում՝ թվային հարթակների, կայքերի անխափան աշխատանքն ու դրանցից օգտվելու հարմարավետությունը կենսական են դարձել։ Մեր պրոդուկտներն արդեն լայն պահանջարկ ունեն հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում: Hexact-ն աճում է արագ տեմպերով, թիմն ընդլայնվում է։ Եթե կան «թույն» դեմքեր, որոնք կուզենան իրենց պրոֆեսիոնալ ուժը չափել դինամիկ միջավայրում, թող դիմեն»,- նշել է Hexact ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

«Կյանքի թվայնացումը շարունակելու է աճել նույն տեմպերով, գուցե ավելի արագ։ Այդ տեմպի տակ բիզնեսները պետք է լինեն ավելի արագ, ճկուն և սպառողակենտրոն։ Hexact-ը հենց այդ մարտահրավերներն է օգնում հաղթահարել»,- նշել է Hexact-ի համահիմնադիր և մարքեթինգի տնօրեն Քրիստոֆեր Քլոզեթը:

Hexact-ը 2 պրոդուկտ է ներկայացնում. Hexometer-ը 24/7 ռեժիմով մոնիտորինգ է անում, բացահայտում խնդիրները և օգնում բարելավել կայքերի աշխատանքը: Hexowatch-ը «հսկում է» կայքէջերի վիզուալ, բովանդակային, տեխնոլոգիական փոփոխությունները և ավտոմատացնում համապատասխան գործողությունների ընթացքը։ Երկուսն էլ ՏՏ հեղինակավոր հարթակներում հաջողություններ են գրանցել. #1 Product of the day/week/month on Product Hunt, Best Value Website Monitoring Software-2020 on Capterra, High Performer 2021 on G2: