Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է հարթակ մշակել՝ բջջային հավելավծների միջոցով հարկերը վճարելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու համար։ Այդ մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նա նշել է, որ ըստ ՀԲ հարցման՝ ՀՀ հարկատուների 70%-ը կողմ է, որ հարկայինին տրամադրվող փաստաթղթղերը հավելվածների միջոցով ներկայացվեն։
«Ուստի, և հաշվետվություններ ներկայացնելը, և այլ գործողությունները մենք ցանկանում ենք հնարավոր դարձնել ոչ միայն համակարգչից, այլև բջջային հեռախոսից»,- ասել է Մուրադյանը։
«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։
Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ՝ եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռևս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր։ Մենք համավարակի ժամանակ դա էլ փորձեցինք տեղափոխել էլեկտրոնային հարթակ։ Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»,- ասել է Մուրադյանը։
Նրա խոսքով, այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ոչ բանկ, ոչ ՊԵԿ, ոչ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։
Հարկայինը նաև խստացրել է առցանց խաղատների վերահսկումը։
«Մենք հսկողություն ենք սահմանել առցանց դրույքների վրա, որոնց մասին տեղեկությունները հավաքվում են մեր մոտ։ Այդպես ավելի հեշտ է և մեզ, և առցանց խաղատների համար, որոնք ստիպված չեն տարեվերջին հավաքել բոլոր այդ տվյալները հաշվետվություն կազմելու համար»,- ասել է Մուրադյանը։
2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։