2 փետրվարի 2021 - 18:29 AMT
Ինքնահայտարարագրման ներդրման դեպքում հաշվետվությունները հնարավոր կլինի բջջային հավելվածով ներկայացնել

Ինքնահայտարարագրման ինստիտուտի ներդրման դեպքում հաշվետվությունները հնարավոր կլինի բջջային հավելվածով ներկայացնել։ Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի Աշոտ Մուրադյանը:

Նա նշել է, որ ՊԵԿ-ը մի շարք նոր նախաձեռնություններ ունի. նախատեսվում է բացի վեբ-տարբերակներից նաև բջջային հավելվածներով թվայնացնել ծառայությունների մատուցման ամբողջ պրոցեսը և ֆիզիկական, և իրավաբանական անձանց համար, տեղեկացնում է Factor.am-ը:

«18 տարին լրացած անձինք հնարավորություն կունենան բջջային հավելվածով ինքնահայտարարագրման շրջանակում ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները: Մենք գնում ենք նրան, որ բոլոր ծառայությունները կենտրոնացնենք մեկ բջջային հավելավծի մեջ և բարձր որակի ծառայություններ մատուցենք»,- նշել է Մուրադյանը:

Նա նշել է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է հարթակ մշակել՝ բջջային հավելավծների միջոցով հարկերը վճարելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու համար։

Բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ոչ բանկ, ոչ ՊԵԿ, ոչ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։ 2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։