2 փետրվարի 2021 - 18:31 AMT
Զաս․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերջին տարիներին պատրաստության բարձր մակարդակ են ունեցել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերջին տարիների զորավարժությունների ժամանակ պատրաստության բավականին բարձր մակարդակ են ունեցել։ Այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նշել է, որ իր կողմից կոռեկտ չէր լինի այժմ, Ղարաբաղում պատերազմից հետո, գնահատական տալ հայկական ստորաբաժանումների մարտունակությանը՝ դա պետք է անի ՀՀ ԶՈւ գլխավոր հրամանատարը, գրում է Sputnik Արմենիան։

«Միևնույն ժամանակ, վերջին տարիներին մեր բոլոր միջոցառումների (առաջին հերթին՝ զորավարժությունների) ժամանակ հայկական ստորաբաժանումները մարտական պատրաստության բավականին բարձր մակարդակ են ցուցադրել»,- ասել է Զասը։

Ընդ որում, ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ ՀՀ ԶՈւ-ն հավաքական պաշտպանական ուժերի մաս է կազմում և, չնայած այս հակամարտությանը, դա չի ազդել հավաքական պաշտպանական ուժերի ընդհանուր մարտունակության վրա։

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ամեն տարի այդ ուժերն ավելի են հզորանաում և պատրաստ են լուծել դրվող առաջադրանքները։ Զասը հայտարարել է նաև, որ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից ոչ մի դիմում չի եղել ՀԱՊԿ-ին ռազմական կամ այլ օգնություն տրամադրելու վերաբերյալ։

2020-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարե էր, որ Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին: