Պատերազմից հետո ներկայիս զինադադարում դրված պայմանները չեն նպաստում տարածաշրջանում Արցախի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովմանը, ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ բացառապես Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը թելադրեն և տիրեն իրավիճակին Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Կոնգրեսականները նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լոյդ Օսթին։ Նրանց կարծիքով՝ ավելի շատ պետք է արվի` ինքնորոշման հիմնարար իրավունքի հիման վրա տևական կարգավորման հասնելու համար:
«Բանակցություններում մեր դիվանագետները պետք է պնդեն, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ցանկացած ապագա կարգավորում Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իր համայնքները և վերականգնել իր խաղաղ կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից: Սա պետք է ներառի ԱՄՆ-ի նշանակալի պարտավորությունները՝ Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն և օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ: Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես կարևոր դեր ունեն՝ ճանաչելով ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա օրինական բանակցային կողմի դերն այս հակամարտության կարգավորման գործում: Այս ճանաչման բացակայության պարագայում, նրանք կշարունակեն բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի տեղահանման սպառնալիքին՝ առանց որևէ պաշտոնական հատուցման տարբերակի»,- գրել են կոնգրեսականները։
Նրանք նաև կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության համար ապակայունացնող դերակատարներին պատասխանատվության ենթարկելը: Կոնգրեսականների խոսքով՝ ադրբեջանական և թուրքական ագրեսիան կանխելու համապատասխան գործողությունները պետք է ներառեին այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքը և օգնության դադարեցումը, հետագա ռազմական օգնության տրամադրման ընդհատումը:
«Միացյալ Նահանգները պետք է ձգտի ամրապնդել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ՝ երիտասարդ ժողովրդավարության, որը ցնցվել է անցյալ տարվա իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված անորոշության հետևանքով: Մենք Ձեզ հորդորում ենք պարզել, թե ինչպես կարող ենք Հայաստանին լրացուցիչ տնտեսական օժանդակություն տրամադրել` նրա ժողովրդավարությանը և զարգացմանը աջակցելու համար, ինչպես նաև օժանդակելու զգալի թվով տեղահանվածներին, ովքեր հեռացել են Արցախից հակամարտության ժամանակ: Մենք նաև խնդրում ենք Ձեր վարչակազմից պարզել այն ուղիները, որոնցով Հայաստանի հետ մեր տնտեսական, մշակութային և այլ կապերը կարող են բարելավվել ՝ ի օգուտ Հայաստանի և ԱՄՆ-ում բնակվող ամերիկահայ մեծ սփյուռքի»,-հայտարարել են կոնգրեսականները:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ ու վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների գնաց՝ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման հայտարարություն անելով, իսկ հունվարի 11-ին տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրելով։