4 փետրվարի 2021 - 11:56 AMT
Նախարար․ ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստումը միայն կամավոր կլինի

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները միայն կամավոր բնույթ են ունենալու, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Hetq.am-ը։

Նա նշել է, որ դեռ չգիտի՝ որքան կարժենա պատվաստանյութի մեկ դեղաչափը, քանի որ կնքված պայմանագիր չկա։

«Պետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում ազգաբնակչությանն ապահովի պատվաստումներով։ «Սպուտնիկ V»-ն Հայաստանում, վստահաբար, կիրառվելու է, բայց առաջինը կկիրառվի, թե երկրորդը՝ չեմ կարող ասել»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին՝ նա հայտնել է, որ դրանք կատարվում են այն երկրում, որտեղ մշակվել է պատվաստանյութը, այժմ այն գտնվում է կլինիկական հետազոտության 3-րդ փուլում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։