Կառավարությունը 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույսերի՝ այդ թվում արտադրական կանեփի աճեցման և վերամշակման համար։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այն էականորեն կավելացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։
Ավինյանը կարևորել է, որ գյուղատնտեսության ոլորտում նպատակային գործողությունների առանցքում լինեն բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։
Փոխվարչապետը բերել է արտադրական կանեփի օրինակը՝ նշելով, որ դրա արտադրության դրական փորձ ունեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը։
«Խոսքը միայն արտադրական կանեփի մասին չէ, կան նաև այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող, որոնք արդյունաբերական նպատակ են հետապնդում։ Անպայմանորեն այս քաղաքականությունն առաջ ենք մղելու՝ համարձակորեն»,-հայտարարել է Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է, որ խոսքն արտադրական կանեփի մասին է․ շահարկման թեմա չկա, քանի որ խոսքն արդյունաբերական հումքի աճեցման մասին է։
Փաշինյանի խոսքով՝ գործընթացը հստակ ռիսկեր ունի, և դրանց կառավարման մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ պատրաստվում են իրավապահների հետ վերահսկել գործընթացը, այդ առումով օգտագործվելու է նաև սերմերի գործակալությունը, Գյումրիի սելեկցիոն կայանը։
Օրենքի նախագծում նշվում է, որ նախատեսվում է գյուղատնտեսական նոր ընտրված մշակաբույսերի աճեցման և հետագայում վերամշակման նպատակով ապահովել գիտահետազոտական նպատակով դրանց փորձնական մշակության գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը, անհրաժեշտ հումքը և կարողությունները: Մշակաբույսերի փորձնական մշակության արդյունքների հիման վրա հնարավոր կլինի նախանշել գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով դրանց աճեցման և վերամշակման հետ կապված հետագա քայլերը և ծրագրերը