5 փետրվարի 2021 - 12:38 AMT
Միջազգայնագետ․ Պետք է ԱՄՆ-ում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը աշխատեն «փոխանցումներով» և «գոլ» խփեն

Հայաստանը չունի որևէ հաշվարկ, թե տնտեսությունը որքան վնաս է կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում, այնինչ ԱՄՆ-ում հայկական լոբբին ու դիվանագիտությունը պետք է «փոխանցումներով աշխատեն և գոլ խփեն»՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները, ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այս հաշվարկը (պատժամիջոցներից կրած վնասի-խմբ․) պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200 մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար»,-գրել է նա։

Ըստ նրա՝ նման համագործակցության լավ օրինակներ եղել են 1990-ականներին։

Ավելի վաղ, Սարգսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու մասին խոսակցությունը նշել էր, որ հայ-ամերիկայն հարաբերությունները լճացած են և այդ ֆոնին նման որոշումը սխալ է։ Քաղաքագետն անդրադադրձել էր նաև հարցին, որ ՀՀ վերջին 3 դեսպանն ԱՄՆ-ում 2․5 տարուց ոչ ավելի են պաշտոնավարել, այնինչ Ադրբեջանի դեսպաը՝ 10 տարի է պաշտոնավարում է։