6 փետրվարի 2021 - 14:47 AMT
Ավանեսյանը՝ ԵԽ գրասենյակի ղեկավարին․ Ակնկալվում է միջազային ատյանների ճնշումը` օր առաջ վերադարձնելու հայ գերիներին

Հայկական կողմը պատերազմի ընթացքում և դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգի և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ հանդիպմանը:

Նախարարը հավելել է, որ հայկական կողմն ակնկալում է միջազային ատյանների ճնշումը` օր առաջ գերիների վերադարձը կազմակերպելու հարցում:

Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիների կարիքներով:

Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:

Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմից գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ դեռ չկան։ Ադրբեջանից ՀՀ են վերադարձել նախ 44, ապա ևս 5 գերի։