6 փետրվարի 2021 - 14:38 AMT
Խաչատուր Սուքիասյան․ Եթե ընտրություն լինի, մասնակցությունս չեմ բացառում

Եթե առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն, չի բացառվում, որ դրանց կմասնակցի նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքին հարցազրույցում։

«Վերջերս մի հարցազրույց եմ լսել Բորիս Ելցինի (ՌԴ ղեկավար 1991-1999թթ.-խմբ․) կնոջ՝ Նաինա Ելցինայի հարցարույցն էր դա: Ասաց Ելցինի առողջականվիճակը շատ վատ էր, չէր ուզում մասնակցել երկրորդ փուլին, բայց, երբ որ տեսավ վտանգ կար Ռուսաստանի Դաշնությանն ուղղված և Զուգիանովը կարող էր ընտրվել, նա իր մեջ ուժ գտավ և իր առողջության հաշվին գնաց 2-րդ ընտրության, հետո այն հանձնեց Վլադիմիր Պուտինին (ՌԴ ներկայիս ղեկավար-խմբ․): Հայաստանում շատ մարդիկ կարծեմ էդպես են մտածում, եթե տեսնեն Հայաստանում վտանգ կա, նրանք նույնպես կակտիվանան, այդ թվում և ես»,- ասել է Սուքիասյանը:

Նա նաև նշել է, որ ընտրությունների պարագայում ինքն առաջին հերթին այն քաղաքական ուժին կսատարի, որի իշխանության օրոք ընտրակեղծիքներ չեն եղել։

Սուքիասյանն ԱԺ նախկին պատգամավոր է, նա անկուսակցական է։