8 փետրվարի 2021 - 10:45 AMT
ՄԻՊ․ Սյունիքի ճանապարհներին Ադրբեջանի զինված ծառայողները հակասում են մարդու իրավունքների միջազգային հիմքերին

Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ նրանք այդ վայրերում են հայտնվել Արցախում հայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության արդյուքում, ահաբեկչական մեթոդներով խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին, կատարել են այլ դաժանություններ։

ՄԻՊ-ը տասնյակից ավելի այլ պատճառ է նշել, թե ինչու է ադրբեջանցիների՝ հայկական ճանապարհի վրա գտնվելը հակասում մարդու իրավունքներին։ Նա հիշեցրել է Արցախի դեմ ահաբեկիչների օգատգործումը, քաղաքացիական բնակավայրերը զանգվածային ավերածությունների ենթարկելը, հայատյացության պետական քաղաքականությունն ու էթնիկ հիմքով թշնամանքի սերմանումը, 100,000 խաղաղ բնակչի տեղահանումն ու պատերազմի հետևանքով 40,000 անօթևան մնացած մարդկանց։

«Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո։ Պատերազմիր ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիկական մեթոդներով ու անթույլատրելի արագությամբ՝ առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով»,-գրել է Թաթոյանը։

Ըստ ՄԻՊ-ի՝ լրջորեն վտանգվել են Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ամբոջ բնակչության կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները։ Թաթոյանի խոսքով՝ սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկա չէ կանխատեսելիություն կամ գործողություններն անորոշ են, առկա չէ որևէ տեսակի ժամանակացույց:

Թաթոյանի խոսքով՝ նման մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ «պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգավոր դրսևորումների համար»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել Արցախում ու ՀՀ-ում։ Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանազատումը կատարվել է համաձայն ԽՍՀՄ քարտեզի․ ադրբեջանական կողմին են անցել հայկական որոշ բնակավայրերից տներ ու հողատարածքներ։