9 փետրվարի 2021 - 18:29 AMT
Պատգամավոր․ Եթե խոսվում է ապաշրջափակման մասին, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ևս պետք է գործի

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հայտարարել է, որ եթե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակում, ապա համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ևս պետք է գործի։

«Մինչդեռ այն հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին»,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ այդ հարցը բարձրաձայնել է նաև ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը, դիմել ԱԳՆ։

Թովմասյանը նշել է նաև, որ փակման վտանգի առաջ են հայտնվել մի շարք բիզնեսներ, որոնց հայտնվելը պայմանավորված էր Արցախի հետ կապող ճանապարհի գոյությամբ։

«Մեզ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այդ ճանապարհի վերագործարկմանը, նույնպես ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասել է նա:

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը, որը ՀՀ կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ։