9 փետրվարի 2021 - 19:27 AMT
Զոհրաբյան․ Որոշ ռազմագերիների ծնողներ հասել են Թավրիզ՝ հավատալով, որ նրանք Իրան են անցել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հայտարարել է, որ որոշ ռազմագերիների ծնողներ գնացել են Թավրիզ՝ հավատալով, որ իրենց որդիներն Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ Իրան են անցել։

Նա նշել է, որ ծնողները, հավատալով ցանկացած տեղեկատվության, հասել են Իրան, հանդիպել են սրբազանի հետ։

«Ես զրուցել եմ Իրանում մեր դեսպան Արտաշես Թումանյանի հետ՝ փորձելով ինչ-որ բան պարզել, քանի որ ծնողները դիմել էին»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ «էստեղ նստած յուրաքանչյուր քաղաքացի կատարում է ՀՀ իշխանությունների պարտականությունները՝ զբաղվելով գերիների ու անհետ կորածների հարցերով»։

«Իշխանությունները ռազմագերիների և անհետ կորածների հարցերով զբաղվում են միայն ձևական՝ «գալոչկայի համար»,- ասել է նա։

Հայկական կողմից Ադրբեջանում գտնվող գերիների մասին հստակ թվական տվյալներ չկան։ Ըստ իշխանության՝ անուններ չեն հրապարակվում, անհետ կորած համարվող, սակայան հնարավոր գերության մեջ գտնվողների կյանքը չվտանգելու համար։ Հայտնի է, սակայն, որ շիրակցի 6 տասնյակից ավելի կամավորական է գերեվարվել՝ նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։