4 մարտի 2009 - 22:10 AMT
Կոմիտասի անվան կամերային երգչախումբը կոմպոզիտորի 140-ամյակը կնշի համերգաշարով
Մարտի 3-ին Հայաստանի Պետական կամերային երգչախումբը հայտարարել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկի մասին: Մեծանուն հայ կոմպոզիտորի հոբելյանի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ այն երկրներում, որտեղ աշխատել եւ ստեղծագործել է Կոմիտասը: Քանի որ Կոմիտասի հիմնական աշխատանքը հիմնված էր երգչախմբային կոմպոզիցիաների վրա, ծրագիրը մեծամասամբ կազմված կլինի կոմպոզիտորի հեղինակային աշխտանքներից:

Բացի Երեւանից, ելույթներ կլինեն նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Գերմանիայում, որտեղ ուսանել եւ աշխատել է Կոմիտասը, Ֆրանսիայում, որտեղ նա բազմիցս առիթ է ունեցել ներկայացնելու հայկական երաժշտությունը, Շվեյցարիայում եւ Իտալիայում, որտեղ նա դասախոսություններ է կարդացել հայ համայնքի հրավերով եւ ներկայացրել է հայկական մշակույթը:

«Առաջին անգամ մշակված եւ կատարելության հասցված հայ հոգեւոր երաժշտությունը Արեւմուտքին ներկայացվեց շնորհիվ Կոմիտասի: Ոչ ոք չկարողացավ շարունակել համաշխարհային մակարդակով ներկայացնել հայկական երաժշտությունը, նման հետեւողականությամբ եւ գիտական ճշգրտությամբ, ինչպես Կոմիտասը»,-ասել է Հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն, երաժշտագետ Մհեր Նավոյանը: Նա նաեւ հավելել է, որ շնորհիվ Կոմիտասի 140-ամյակի տոնակատարության Պետական կամերային երգչախմբի օգնությամբ հնարավորություն հայտնվեց գիտականորեն ներկայացնել մշակված հայկական երաժշտությունն այն երկրներում, որտեղ ժամանակին աշխատել ու ստեղծագործել է Կոմիտասը:

Ըստ Կոմիտասի անվան Պետական կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, երգչախումբը հսկայական աշխատանք է տարել կոմիտասի ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ ստեղծագործությունների նման մեծաքանակ աշխատանքների կատարման նախապատրաստման ուղղությամբ: «Այսօր մեր առջեւ կանգնած խնդիրներից մեկը Կոմիտասի աշխատանքների կատարումներով ձայնասկավառակի ձայնագրությունն է եւ Կոմիտասի ստեղծագործությունների ներկայացումը Եվրոպայում»,-հավելել է Ռոբերտ Մլքեյանը:

Այն երկրների ցանկից, որտեղ կկատարվեն Կոմիտասի ստեղծագործությունները, կազմակերպիչները որոշել են բացառել Թուրքիան: «Կոմիտասն ինքը Հայոց ցեղասպանության զոհ է, հետեւաբար ինչ իմաստ ունի այնտեղ կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգ անցկացնել, ընդ որում, երբ Թուրքիան դեռեւս չի ճանաչել իր գործած ոճիրը: Այսօր եւս Թուրքիայում ոչնչացվում է հայկական ճարտարապետության ժառանգությունը եւ յուրացվում է հայ երաժշտական մշակույթը»,-պարզաբանել է երաժշտագետ եւ հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն Մ.Նավոյանը:

Կոմիտասի 140-ամյակին նվիրված իր միջազգային շրջագայությունը Պետական կամերային երգչախումբը կսկսի Ֆրանսիայից: Սորբոնում, որտեղ ժամանակին Ռոմեն Ռոլանի հրավերով հանդես է եկել Կոմիտասը, դասախոսություն կանցկացվի` նվիրված Կոմիտասի կյանքին ու գործունեությանը: Նաեւ նախատեսվում է երգչախմբի ելույթը Հաշմանդամների պետական տան դահլիճում, որտեղ, ըստ մասնագետների գնահատականների, հիանալի հնչեղություն է: