11 փետրվարի 2021 - 10:43 AMT
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի մարտի 1-ից՝ վավերացումն ավարտվել է

Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։

ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որն իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա։

ՀԸԳՀ-ն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին։

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը 20192. հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեին։