12 փետրվարի 2021 - 12:36 AMT
Պատգամավոր․ Սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանան որսորդական ակոսավոր զենք կրել

«Զենքի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները որսորդական ակոսավոր զենք կրելու իրավունք կստանան։ Այդ մասին տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը Սերգեյ Բագրատյանի հետ նախաձեռնել է այդ փոփոխությունը, գրում է «Հայկական ժամանակը»։

Նա նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է և փոփոխությունները կկատրվեն մոտ ապագայում։

«Այսինքն այն սահմանափակումը, որ կար, որ մարդ պետք է 5 տարի անպայման ողորկափող զենք կրի, նոր նրան կարելի է թույլատրել ակոսավոր զենք կրել, կհանենք և հնարավորություն կտանք, որ կառավարության որոշմամբ հաստատված բնակավայրերում բնակիչները կրեն որսորդական ակոսավոր հրազեն: Սա հաստատ կբարձրացնի նրանց անվտանգության զգացողությունը, կկարողանան նաև որս անել, վայրի կենդանիներից պաշտպանվել: Այդ զենքը գուցե ամբողջ կյանքի ընթացքում որևէ անգամ չկիրառվի, սակայն զենքի առկայությունը արդեն վստահություն է առաջացնում բոլորի մոտ»,-ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ այս հարցի շուրջ քննարկում է ունեցել Կապանի համայնքապետի հետ և վերջինս էլ նպատակահարմարությունը հաստատել է:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա չի նպաստի հանցավորության աճին՝ Խաչատրյանն ասել է, որ զենքը տրվելու է նրանց, ովքեր խնդիրներ չունեն, ովքեր բուժհիմնարկներում գրանցված չեն, չեն դատապարտվել:

«Ոստիկանության վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, բայց վերահսկողություն կիրականացնեն: Չեմ կարծում, որ հանցագործությունները կավելանան: Պատերազմի ժամանակ, պատերազմից հետո հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ կա զենք և, փառք Աստծո, չնչին են այն դեպքերը, երբ այդ զենքով հանագործություն է կատարվել»,-ասել է նա։

Պատերազմից հետո Սյունիքում բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ ՄԻՊ-ը հայտարարել է, որ Սյունիքի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի։ Նա գրել էր, որ նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից։

ԱԱԾ-ն ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ Սյունիքի սահմանային տարածքներ այցելելու եւ տարբեր թեմաներ լուսաբանելու համար այսուհետ նախօրոք պետք է դիմել և ստանալ ԱԱԾ-ի թույլտվությունը: Լրագրողների պաշտպանությամբ զբաղվողները սա իրավունքների խախտում որակեցին: