12 փետրվարի 2021 - 14:07 AMT
Պատգամավոր․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության հարց չի քննարկվում

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը ճեպազրույցում հայտարարել է, որ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարց չի քննարկվում։

«Այս պահի դրությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն առնչվում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին նշել է․ «Այդ հարցը շատ է մանիպուլացվում։ Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, այդ առևտուրը լինում է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե սահմանները պաշտոնապես բացելու դեպքում ինչ կարող է լինել, ապա նախ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններ են։

Հայաստանի սահմանը հատելիս թուրքական ապրանքը պետք է հանդիպի ԵԱՏՄ-ի խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին»։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ Գևորգյանն ասել է, որ դրա 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, Ադրբեջանի տարածքով, «բայց այն ոչ մի վայրկյան չի փակվել»։

«Այնպես չի, որ դա պետք է չգիտեմ ինչ համաձայնագրերով լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է։ Ադրբեջանցիների կողմից ոչ մի վայրկյան այն չի փակվել», - ասել է Գևորգյանը։

Դեկտեմբերի 31-ից գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։