Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստում քննարկել են ապաշրջափակմանն առնչվող հարցեր:
Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի (տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը), ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից:
Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Հունվարի 11-ի հայտարարության 2, 3, և 4 կետերով սահմանվում է.
2. Կազմել Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, սահմանել Ադրբեջանի, ՀՀ ու ՌԴ միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
3. Աշխատանքային խմբի համանախագահները պետք է հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որոնք աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման պետք է ներկայացնի Ադրբեջանի և ՀՀ տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և ՀՀ կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի և ՀՀ տարածքները: