Թուրքիա. Այժմ հաշտեցման ուղղությամբ քայլեր կատարելու Հայաստանի հերթն է
Թուրքիան ամեն ինչ արեց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, հիմա հերթը հարեւաններինն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետական նախարար Էգեմեն Բաղիսը: Նրա խոսքերով, Անկարան բազմիցս է ապացուցել իր նվիրվածությունը Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: «Պաշտոնական Անկարան կշարունակի Հայաստանի հետ մերձեցման քաղաքականությունը, սակայն եթե տեսնի, որ այդ քայլերը Հայաստանում չեն հասկանում, ապա իր համար եզրակացություններ կանի»,-նշել է նա, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել էր, թե Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը «մոտ է, ինչպես երբեք»:
Երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը Անկարան փակել է 1993 թվականին ղարաբաղյան հակամարտության պատճառով: