17 փետրվարի 2021 - 10:39 AMT
Ադրբեջանը 106 անձի մարմին է հանձնել հայկական կողմին

Ադրբեջանական կողմը հայկականին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ դա տեղի է ունեցել մարդասիրական հարցերի շուրջ գործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ։

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

ԱՀ ԱԻՊԾ-ն իր հերթին տեղեկացրել է, որ փոխանակումը տեղի է ունեցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում, և որ բոլորն անճանաչելի են:

«Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել, և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է: