17 փետրվարի 2021 - 13:07 AMT
Տարածաշրջանի վիճակից մինչև գերիների վերադարձ․ Այվազյանն ընդունել է ՄԹ նախարար Մորթոնին

Տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը Թուրքիայի անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի հետ հանդիպմանը։

«Ինչպես Դուք իրավացիորեն նշել եք նոյեմբերի 8-ին Համայնքների պալատում ելույթում՝ այն չի կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում. միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է կայունություն, տևական խաղաղություն և ի վերջո՝ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքի բռնի ճնշման փորձը, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև լուրջ և շարունակական սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար:

ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, պատանդառության քաղաքականության վրա՝ նշելով, որ «դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր նրանց համար, ովքեր արժանահավատորեն և հետևողականորեն հանդես են գալիս միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները: