17 փետրվարի 2021 - 14:03 AMT
Ավստրալիայի խորհրդարան Արցախը ճանաչելու խնդրագիր է ներկայացվել

Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ և փոխանցվել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Կայքում նշվում է, որ Արցախի տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար:

2021թ․ փետրվարի սկզբին ավստրալական Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային։ Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։ Բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին և Ավստրալիայի ֆեդերալ կառավարությանը նույնպես կոչ է անում որպես հակամարտության մշտական լուծում եւ խուսափում հետագա ռազմական գործողությունների փորձերից՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին։