Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ կարևորել է, որ մարզում և Գյումրիում իրականացվող ծրագրերը ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև հնարավոր լինի նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել։
«Խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի»,- ասել է նա:
2020-ին մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: 2021-ի համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է սուբվենցիոն 62 ծրագրի հայտ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 4․4 մլրդ դրամ:
Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում:
«Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2021-ին Գյումրի է ներկրվելու մոտ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Մինչև 2022-ի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի մոտ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:
Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ 2021-ին կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7.2 հեկտար տարածք:
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները:
Փաշինյանը Շիրակի մարզ այցելության շրջանակում հանդիպելու է Շիրակի մարզից գերի ընկածների հարազատներին։
Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: