17 փետրվարի 2021 - 16:15 AMT
Այվազյանն ու Լավրովը կքննարկեն հայ ռազմագերիների ապահով հայրենադարձման հարցերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկելու են հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է:

Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը»:

Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

Ավելի վաղ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են հունվարի 11-ի ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։